Փոքրիկների ֆինանսական գրագիտությունը բարձրացնող 7 ֆինանսական գիրք
Ինչպե՞ս բացատրել երեքամյա փոքրիկին, որ ևս մեկ մեքենա չես գնելու։ Ինչպե՞ս օգնել 2-րդ դասարանի աշակերտին կուտակել գումար՝ հեծանիվ ձեռք բերելու համար: Ինչպե՞ս սովորեցնել շրջանավարտին տարանջատել մասնագիտական կարիերան ժամանակավոր աշխատանքից։ Բոլոր այս հարցերի պատասխանները կգտնեք երեխաների համար նախատեսված ֆինանսական գրագիտության վերաբերյալ գրքերում, որոնք առանձնացրել ենք ձեզ համար․
1. Կախարդական բանկոմատ (Волшебный банкомат)
Հեղինակ՝ Տատյանա Պոպովա
Տարիքային շեմ՝ 5 տարեկանից բարձր
Հեքիաթային պատմություն երկվորյակներ Կատյայի և Սերյոժայի արկածների մասին։ Երեխաները հայտնվում են կղզում, որտեղ սովորում են ինքնուրույն գումար աշխատել, կառավարել բյուջեն և ոտքն իրենց վերմակի չափով մեկնել։ Գրքում կան խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին ֆինանսապես ճիշտ ուղղորդել և կողմնորոշել իրենց երեխաներին։ Յուրաքանչյուր գլխի վերջում բերվում են հանձնարարություններ և հարցեր։
2. Փող և բիզնես երեխաների համար (Деньги и бизнес для детей)
Հեղինակ՝ Դմիտրի Վասին
Տարիքային շեմ՝ 7 տարեկանից բարձր
Գրքում վառ և զվարճալի պատկերազարդումներն ուղեկցվում են հակիրճ բացատրություններով։ Երեխան տեղեկանում է դրամի պատմության, գումարը վաստակելու, խնայելու, խելամտորեն ծախսելու, ինչպես նաև «գործարար» ասվածի և ներդրողի գործառույթի մասին։
3. Ֆինանսական գրագիտությունը հեքիաթներում. Մի դրամի պատմություն (Финансовая грамотность в сказках. История Монетки)
Հեղինակ՝ Ելենա Ուլյեվա
Տարիքային շեմ՝ 7 տարեկանից բարձր
Դրամի ստեղծման պատմության մասին որակյալ հանրագիտարան։ Սյուժեն հիմնված է Վովա անունով տղայի արկածների և փողոցում հայտնաբերած «Մետաղադրամի» վրա, որը հետագայում պարզում է, թե ովքեր են եղել իր նախնիները։ Գեղեցիկ նկարազարդումներն ու շատ հետաքրքիր փաստերը հետաքրքրություն կառաջացնեն նույնիսկ չափահաս ընթերցողների շրջանում: Գրքում ներառված են թեմատիկ առաջադրանքներ և գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն անձնական ծախսերը պլանավորելու հարցում։
4. Փողին վերաբերվեք մեծի պես․ «մոբայլիկները» ֆինանսական գրագիտության մասին (Обращайся с деньгами «по-взрослому». Финансовая грамотность для детей от мобайликов)
Հեղինակ՝ Ալեքսեյ Գրիդին
Տարիքային շեմ՝ 7 տարեկանից բարձր
Զվարճալի կերպարները, այսպես կոչված «մոբայլիկները», պարզ լեզվով երեխաներին բացատրում են տնտեսագիտության հիմունքները։ Գիրքը առանձնանում է գործնական առաջադրանքների գերակայությամբ․ այն ընթերցելը դեռ բավարար չէ, պետք է սովորել հետևել գրքում տրված խորհուրդներին։
5. Մանի անունով շունը (Пес по имени Мани)
Հեղինակ՝ Բոդո Շեֆեր
Տարիքային շեմ՝ 8 տարեկանից բարձր
Պատահական չէ, որ Մանի անունով շունը գիրքը փողի մասին աշխարհի ամենահայտնի մանկական գրքերից է: Աղջկա և կախարդական լաբրադոր Մանիի պատմությունն այնքան գրավիչ է, որ գրքից կտրվելը պարզապես անհնար է։ Շունը սովորեցնում է տիրուհուն, թե ինչպես հասնել նախանշված նպատակներին և չհանձնվել նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում։
Գործնական խորհուրդները, որոնք շատ ճիշտ ձևով ներկայացված են պատմվածքում, օգտակար կլինեն ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար: Այս գրքից ընթերցողը ստանում է թե՛ իրական օգուտ, թե՛ անհավանական հաճույք ընթերցանությունից։ Այս գիրքը «must-have» գրքերի շարքից է։
6.Քո առաջին միլիոնը (Твой первый миллион)
Հեղինակներ՝ Ջեյմս Մակկին, Ջանին Գլայստա, Մեթ Ֆոնտեյն
Տարիքային շեմ՝ 10 տարեկանից բարձր
Գիրք, որը տալիս է հստակ բանաձև, թե ինչպես երազանքները վերածել նպատակների, իսկ նպատակները՝ իրականության։ Ինքնատիպ օրագիր, որտեղ յուրաքանչյուր տեսական հատվածին հաջորդում է նշումների և պլանավորման համար նախատեսված բաժինը։ Գիրքը կօգնի ձևակերպել ֆինանսական նպատակները, մշակել դրանց հասնելու քայլերը, կսովորեցնի վաստակելու և խելամիտ ծախսելու ամենապարզ կանոնները։
7. Քո ֆինանսները․ պլանավորի՛ր, խնայի՛ր և խելամտորեն ծախսի՛ր (Твои финансы. Планируй, копи и трать с умом)
Հեղինակներ` Ելենա Տիմոխինա, Ելիզավետա Կրասնովա
Տարիքային շեմ՝ 10 տարեկանից բարձր
Սա սովորական գիրք չէ, այլ՝ նոթատետր-խնդրագիրք։ Բյուջետավորման վերաբերյալ կարճ խորհուրդները համակցվում են գրառումների համար նախատեսված զվարճալի աղյուսակներով, որոնք ընթերցողի մոտ առաջացնում են լրացնելու մեծ ցանկություն։ Երեխան տեղեկանում է հարկի դրույքաչափի, բանկային քարտի անհրաժեշտության, պարտքի բացասական կողմերի, առցանաց տիրույթում անվտանգ վճարումների, եկամուտների և ծախսերի գրագետ պլանավորման մասին։
Էջը թարմացվել է` 11.02.2022 | 17:23
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: