
Մեկնարկվեց հիփոթեքային նոր ծրագիր երիտասարդ մասնագետների համար
Այսօր պետական բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ:
Նշված ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին և այլն:
Բնակելի համալիրը բաղկացած է լինելու երեք մասնաշենքերից, ունենալու է 210 բնակարաններ և ստորգետնյա ավտոկայանատեղեր: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են թվով 9 բանկեր, որոնց կողմից ներկայացված առաջարկներից հաղթող է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարկավորման հետևյալ առաջարկը.
- հիփոթեքային վարկի արժույթը՝ ՀՀ դրամ
- հիփոթեքային վարկի մարման ժամկետը՝ մինչև 20 տարի
- հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 7,95 տոկոս
- կանխավճարի չափը՝ 10-20 տոկոս
- հիփոթեքային վարկ տրամադրելու որոշման կայացման ժամկետը՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում
- հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չկան,
- հիփոթեքային վարկի տրամադրման վճարներ չկան։
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:46
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: