ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպված առևտրի ֆինանսավորման ֆորումին
Միջազգային ֆինանսական առաջատար կազմակերպություն՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) ներքո սեպտեմբեր ամսին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպվել էր արդեն ավանդական դարձած Միջազգային առևտրի ֆինանսավորման ֆորումը:
Ֆորումում հիմնական քննարկումները նվիրված էին ՎԶԵԲ-ի տարածաշրջանային երկրներում առևտրի խթանման զարգացման ուղիներին, ինչպես նաև թղթակցային հարաբերություններում ստեղծված ռիսկերին և առևտրի ֆինանսավորման ոլորտին առնչվող ՓԼԱՖ և «Ճանաչիր քո հաճախորդին» լուծումներին:
Ֆորումի մասնակիցների թվում էին առաջատար եվրոպական բանկերի ներկայացուցիչները, Ավստրիական դաշնային ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն Հարալդ Վագլեյնը, ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների տնօրեն Ալեքսանդր Սավելևը, Ավստրիայի Ռայֆայզեն բանկի փոխտնօրեն Կլեմենս Բրեուեռը և այլն:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից ֆորումին մասնակցեց Միջազգային գործառնությունների վարչության պետ, Վարչության անդամ տկն. Զարուհի Մելքոնյանը, ով հրավիրված էր որպես խոսնակ «Առևտրի ֆինանսավորման ոլորտին առնչվող ՓԼԱՖ և «Ճանաչիր քո հաճախորդին» լուծումներ» թեմայի քննարկմանը` հնարավորություն ստանալով բարձրաձայնել ոլորտում ստեղծված խնդիրները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կարևորում է համագործակցությունը ՎԶԵԲի հետ Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում: Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՎԶԵԲ-ի կողմից հինգ անգամ անընդմեջ ճանաչվել է «Ամենաակտիվ թողարկող բանկը» Հայաստանում:
Էջը թարմացվել է` 22.10.2019 | 11:05
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: