header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Տնտեսագիտական համալսարանը  համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր կիրականացնեն
Կիսվել`
04.12.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և Տնտեսագիտական համալսարանը համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր կիրականացնեն


Նոր ուսումնական տարվանից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի  հետ համատեղ կիրականացնի մագիստրոսական նոր կրթական ծրագիր, որը կներառի թվային բանկինգ, ներդրումային բանկինգ և ֆինտեխ արդիական ուղղությունները։  Ստորագրելով համագործակցության Հուշագիրը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահի պաշտոնակատար Կարեն Սարգսյանն և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն անդրադարձան երկու կազմակերպությունների միջև ձևավորված  տասնամյա համագործակցության  ձեռքբերումներին և վստահեցրեցին, որ ծրագրերը ոչ միայն շարունակական կլինեն, այլև նոր և ժամանակակից պահանջներին համապատասխան շեշտադրումներ կունենան։

«Մենք փոխում ենք մագիստրոսական կրթական ծրագրերի փիլիսոփայությունը՝ մեր գործընկերներին մասնակիցը դարձնելով այդ ծրագրերի մշակման և իրականացմանը»,- հայտարարեց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ ՀՊՏՀ-ում վերանայվում է նաև փորձառությունների կազմակերպման գործընթացը, որում մեծապես կարևորվում է գործատուների դերը։ Շնորհակալություն հայտնելով բանկի ղեկավարությանը համագործակցության պատրաստակամության համար՝ ՀՊՏՀ ղեկավարն ընդգծեց, որ արդյունքը սպասեցնել չի տա, և նոր ուսումնական տարվանից ծրագիրը կյանքի կկոչվի։

Իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի  վարչության նախագահի պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ  այս Հուշագիրն ավելացնում է կողմերի պատասխանատվությունը   և ավելի արդյունավետ կդարձնի համագործակցությունը՝ մասնավորապես  հնարավորություն ընձեռելով բանկի ներկայացուցիչներին ՀՊՏՀ ուսանողներին փոխանցելու այնպիսի հմտություններ, որոնցով նրանք կկարողանան համալրել բանկի աշխատակիցների շարքերը։ Կարեն Սարգսյանը նաև նշեց, որ  բանկը մասնաճյուղեր ունի ամբողջ հանրապետությունում, ինչը ՀՊՏՀ բազում ուսանողներին,  ուսման ավարտից հետո,  նաև իրենց մարզերում աշխատելու հնարավորություն կընձեռի։

Հուշագիրն ամրագրում է նաև, որ բանկը  ՀՊՏՀ ուսանողներին կտրամադրի կրթաթոշակներ, գործընկերները այսուհետ համատեղ կմշակեն ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, ընկերության փորձառու աշխատակիցները կներգրավվեն ՀՊՏՀ ուսումնական գործընթացում, ՀՊՏՀ ուսանողները բանկում փորձառություն անցնելու հնարավորություն կունենան,  կիրականացվեն համատեղ գիտահետազոտական նախագծեր, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ։  

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում վարպետության դասեր անցած ՀՊՏՀ 44 ուսանողների երկու կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրեր հանձնեցին ։  

Էջը թարմացվել է` 07.10.2021 | 09:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: