ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը $5 մլն է ներգրավել
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը («Blue Orchard»-ի՝ Զարգացող և սահմանային շուկաներում Covid-19 պայմաններում ՄՓՄՁ-ների աջակցման հիմնադրամ) 5 մլն դոլարի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ Հայաստանում Covid-19 համավարակի հետևանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելու համար։
Հիմնադրամի վարկային միջոցները հնարավորություն կտան միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին շարունակել կամ վերսկսել իրենց գործունեությունը համավարակի պայմաններում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր և զարկ տալով տնտեսությանը:
«Ուրախ եմ արձանագրել այն փաստը, որ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը գործարկվել է «BlueOrchard» ընկերության կողմից, որի հետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը արդյունավետ կերպով համագործակցում է դեռևս 2013թ․-ի փետրվարից։ Այս նոր վարկային միջոցները հնարավորություն կտան ՄՓՄՁ-ներին մեղմացնել Covid-19 համաճարակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Պետք է նշեմ, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին և կորոնավիրուսից տուժած ավելի քան 120 շահառուի տրամադրել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով վարկային միջոցներ», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«Covid-19 համաճարակի տնտեսական հետևանքներից հատկապես տուժել են ՄՓՄՁ-ները: Այս անբարենպաստ պայմաններում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին հաջողվել է բարելավել և ընդլայնել իր թվային բանկինգի հնարավորությունները՝ հաճախորդների համար հասանելիությունը ապահովելու համար: Այս դժվար ժամանակներում մենք շատ հպարտ ենք, որ աջակցում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին և Հայաստանում գործող ՄՓՄՁ-ներին` իրենց գործունեությունն ու բիզնեսները վերսկսելու, ինչպես նաև աշխատատեղերի ապահովմանը և տեղական տնտեսության կայունացմանը նպաստելու գործում», - ասել է «BlueOrchard»-ի Վարկավորման գծով գլխավոր տնօրեն Նորմունդս Միզիսը։
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:16
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: