14.5 մլն$ ներգրավում «Սիմբիոտիքս»-ի նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն․ ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղվել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին:
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին։
«Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն, որը մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ, ձեռք է բերել 5 մլն ԱՄՆ դոլարի կայունության պարտատոմսեր: «Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին նրանց աջակցությամբ կավելացնենք «կանաչ» եւ կայունության պարտատոմսերի թողարկման ծավալը եւ կհորդորենք եվրոպացի ներդրողներին ավելացնել իրենց ներդրումները կայուն ֆինանսավորման ոլորտում»,- նշել են «Սիմբիոտիքս»-ի մամուլի ծառայությունում։
Կայունության պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կօգտագործվեն սահմանված չափանիշներին համապատասխանող սոցիալական, ինչպես նաև «կանաչ» վարկերի ֆինանսավորման համար։ Սոցիալական վարկերի միջոցով միկրո ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները կխթանեն երկրում աշխատատեղերի ստեղծումն ու գործարար միջավայրի ակտիվությունը, իսկ «կանաչ» վարկերը կտրամադրվեն վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, էկոշենքերի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների խթանման նպատակով:
«Կայունության պարտատոմսերի այս թողարկմամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ցույց է տալիս կայուն ֆինանսավորման և էկոլոգիապես ու սոցիալապես շահավետ վարկերի խթանման իր հանձնառությունը: Կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն օգտագործվելու են այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, ինչպես նաև պայքարում են կլիմայի փոփոխության դեմ», նշել է «Սիմբիոտիքս» ընկերության Ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրիբերը։
«Որդեգրելով «կայուն զարգացում երկարաժամկետ հատվածում» գործելաոճը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կարևորում է հասարակության ու ձեռնարկությունների համար բարեկեցիկ և կայուն ապագա ստեղծելու համար նպաստավոր ֆինանսավորումն ու ներդրումները` առաջնահերթություն տալով այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք երկարաժամկետ հատվածում քաղաքները և համայնքները կդարձնեն էկոլոգիապես անվնաս և բնապահպանական տեսանկյունից անվտանգ»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«Ուրախ ենք աջակցել «Սիմբիոտիքս»-ի պես ճանաչված խաղորդին` Հայաստանում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համար այս նորարարական և ներառական կայունության պարտատոմսերի զարգացման գործում: Զարգացող շուկաների համար մեզ անհրաժեշտ են ավելի շատ «կանաչ» և սոցիալական պարտատոմսեր: Այս նախագիծը լիովին համապատասխանում է «Proparco»-ի առաջնահերթություններին և կլիմայի վերաբերյալ ռազմավարությանը», - ասել է «Proparco»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորի Կլեմենտեն:
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ` պարտատոմսերը թողարկվել են «Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.» հարթակի «կայունության, սոցիալական և «կանաչ» պարտատոմսերի համակարգի» միջոցով։ Համակարգը սերտիֆիկացվել է «DNV GL» ընկերության կողմից 2019 թվականի դեկտեմբերին: Կայունության պարտատոմսերը ցուցակվելու են Լյուքսեմբուրգի «Կանաչ» պարտատոմսերի ֆոնդային բորսայում՝ Կայունության պարտատոմսեր հարթակում: Կայունության պարտատոմսերից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին առաջնային, չապահովված վարկի տեսքով, 4 տարի մարման ժամկետով։
Ավելին՝ Sustainability Social and Green Bond framework for Symbiotics
Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:44
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: