header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`
28.07.2021

Անահիտ Շաքարյան․Գործարկվել է նորարարական լուծումներով առևտրային հարթակ


Հակիրճ կներկայացնե՞ք՝ ինչով է պայմանավորված Հայաստանում գործող ֆինանսական ընկերությունների հետաքրքրվածությունը միջազգային ֆինանսական շուկայով։ Ի՞նչ մարտահրավերներ են առկա շուկայում։

Միանշանակ կարող եմ փաստել, որ հատկապես վերջին ժամանակներում Հայաստանի  ֆինանսական ընկերությունները ավելի մեծ ուշադրություն են դարձնում համաշխարհային ֆինանսական շուկայի ինտեգրմանը, որն, անշուշտ, պայմանավորված է հաճախորդների կողմից ցուցաբերած բարձր պահանջարկով։ Մյուս կողմից՝ այս ոլորտը նորություն է ՀՀ բանկային և ֆինանսական համակարգի համար, և շատ դեպքերում համակարգի մասնակիցները կարող են բախվել ոլորտին ներհատուկ այնպիսի խնդիրների հետ, որոնց լուծման համար լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն է առաջանում։

Ներդրումներն արդյունավետ կառավարելու տեսանկյունից այս թեման խիստ արդիական է և կարևոր թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Վստահ կարող եմ ասել, որ միտումը, որն ունենք այսօր, դրական կանդրադառնա մեր Բանկի հաճախորդների վրա, քանի որ համակարգի հետ ինտենսիվ ինտեգրման գործընթացին զուգահեռ բարձրանում է հաճախորդների ֆինանսական գրագիտության մակարդակը։ Սրանք այն կարևոր գործոններն են, որոնք ոլորտի զարգացման հարցում հիմնարար նշանակություն ունեն։

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա դրանք մեծամասամբ փոխկապակցված են  երկրի մակրոտնտեսական կայունության և արտաքին քաղաքականության հետ, քանի որ խոսքը գնում է միջազգային հարաբերությունների մասին։ Հատկապես միջազգային հարթակում գործունեություն ծավալող ֆինանսական ընկերությունները դրսևորում են լրացուցիչ զգուշավորություն գործընկերների ընտրության հարցում՝ դիտարկելով ոչ միայն գործընկերոջ կայունությունը, այլև հաճախ քաղաքական և վարկային ռիսկերով պայմանավորված գործունեությունը։ Ակնհայտ  է նաև  ֆինանսական համակարգում մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի առկայության խնդիրը, որը շատ հաճախ խոչընդոտ է հանդիսանում։

Հայտնի է, որ համաշխարհային ֆինանսական շուկաները միշտ գրավիչ են եղել  ներդրողների համար թե՛ ֆինանսական գործիքների բազմազանությամբ, թե՛ իրացվելիության բարձր մակարդակով։ Ի լրումն տեղական շուկայի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների՝ մեր համաքաղաքացիներն այսօր հնարավորություն ունե՞ն օգտվել միջազգային շուկայի կողմից առաջարկվող ֆինանսական լայն գործիքակազմից, և, եթե այո, ապա ինչպե՞ս։

Այսօր արդեն կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են լիցենզավորված ընկերություններ, որոնք հաճախորդներին հասանելի են  դարձնում համաշխարհային ֆինանսական շուկայում մատուցվող ծառայություններն ու ֆինանսական լայն գործիքակազմը։

Հատկանշական է, որ վերջերս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նոր համագործակցության պայմանագիր է  կնքել՝ ընդլայնելով համաշխարհային ֆինանսական շուկաներում մատուցվող ծառայությունների շրջանակը՝ այդպիսով հասանելի դարձնելով շուրջ 5,000 ամենատարածված ֆինանսական ակտիվները․ ավելի քան 12 երկրների արժեթղթեր՝ ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի ամենահեղինակավոր բորսաներում ցուցակված բաժնետոմսերը, մի շարք ապրանքահումքային ակտիվները, արտարժութային զույգերը, բորսայական ինդեքսներն ու այլ ֆինանսական գործիքները։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բոլոր հաճախորդները, որոնք պատրաստ են ներդրումներ իրականացնել համաշխարհային ֆինանսական շուկաներում իրենց կողմից ընդունելի  ռիսկի ախորժակի սահմաններում, կարող են օգտվել նշյալ գործիքներից «ARARATBANK TRADING PLATFORM» առևտրային հարթակի միջոցով։ «ARARATBANK TRADING PLATFORM» առևտրային հարթակը ապահով, հարմարավետ ինչպես նաև նորարարական լուծումներով հագեցված հարթակ է, որը հասանելի է ինչպես Desktop և Web տարբերակներով, այնպես էլ iOS և Android օպերացիոն համակարգերով։  Ի դեպ, մեր հմուտ և արհեստավարժ թիմը պատրաստ է աջակցել սկսնակ և պրոֆեսիոնալ հաճախորդներին ֆինանսական միջոցները արդյունավետ կառավարելու գործում։

Կարո՞ղ եք նշել այն առավելությունները, որոնք կառանձնացնեն ձեզ նմանատիպ ծառայություն մատուցող շուկայի մնացած մասնակիցներից։

Թերևս առաջին և ամենակարևոր հանգամանքը, որը պարտադիր եմ համարում ընդգծել, վստահությունն է։ Հայաստանում գործող բոլոր բանկերը, այդ թվում նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը,  անխտիր վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Հատկանշական է, որ մեր երկրում կարգավորող մարմինը՝ ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվում է վերահսկման խիստ կարգավորումներով, որն էլ կարևոր ցուցանիշ է բանկին վստահելու համար։

Բացի այդ, մեր բանկի ծառայությունների հասանելիությունը, արհեստավարժ թիմը, բազմալեզու  սպասարկումը, մրցունակ սակագները, աշխատանքային ժամերի համապատասխանությունը միջազգային շուկայի աշխատաժամերին այն կարևոր առավելություններն են, որոնցից օգտվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդները։ Ավելին, յուրաքանչյուր հաճախորդի կցվում է առանձին խորհրդատու-բրոքեր, որն օգնում է գրագետ և ճիշտ ձևով կատարել և կառավարել ներդրումները։   

Հարկ եմ համարում նշել, որ հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը կարևոր նախապայման է ոլորտի կայուն և արդյունավետ զարգացման համար։ Ընդ որում, որքան ավելի պարզ և մատչելի լեզվով մատուցվի տեղեկատվությունը, այնքան ավելի արդյունավետ և շահավետ կլինի գործարքը հաճախորդի համար։ Մեր թիմը ապահովում է տեղեկատվության մատչելիությունն ու պարզությունը։    

Ձեր կարծիքով միջինում որքա՞ն գումար է անհրաժեշտ սկսնակ ներդրողին։

Մեզ հաճախ են ուղղում այս հարցը, որի պատասխանը միանշանակ չէ։ Սկսնակ ներդրողները նախ և առաջ պետք է բավարար չափով տեղեկացված լինեն ֆինանսական շուկաների մասին՝ հստակ պատկերացնելով ռիսկերի ու եկամտաբերության հնարավոր մակարդակների հարաբերակցությունը և հետո միայն անցնեն գործնական հատվածին։ Արդյունավետ կարելի է կառավարել նույնիսկ 500 ԱՄՆ դոլար ծավալով ներդրումը, եթե ներդրողը տիրապետում է համապատասխան գիտելիքների։ Այստեղ մեր թիմի դերը մեծ է, քանի որ հենց նրանք են ներգրավված հաճախորդին ճիշտ ուղղորդելու, գործարքը գրագետ կատարելու և առաջացած խնդրին ճիշտ լուծում տալու կարևոր գործընթացի մեջ։    

Հաշվի առնելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ֆինանսական շուկայում իմ՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձը՝ վստահեցնում եմ, որ դիվերսիֆիկացված պորտֆելի արդյունավետ կառավարման համար կարելի է դիտարկել միջինում 10 հազարից 20 հազար ԱՄՆ դոլարը։ Ինչպես արդեն նշել եմ, ցանկացած ներդրում իրականացնելու համար շատ կարևոր է հաշվի առնել ներդրողի պատկերացումները, ակնկալիքները, ռիսկի դիմելու պատրաստակամությունը և մի շարք այլ գործոններ։

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ֆինանսական շուկայում կառավարվող  ակտիվների մեծ ծավալը կարելի է հեշտությամբ դիվերսիֆիկացնել՝ նվազեցնելով շուկայական ռիսկերի ազդեցությունը ներդրումային պայուսակի վրա։

Համացանցը ողողված է բազմաբնույթ գրավիչ առաջարկներով։ Ինչի՞ց պետք է զգուշանան ներդրողները և արդյո՞ք բրոքերային ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններն են վստահելի։  

Համացանցն իսկապես ողողված է տարատեսակ գրավիչ առաջարկներով, սակայն, այսպես կոչված, «անբարեխիղճ բրոքերները», որոնք  լիցենզավորված չեն ՀՀ կենտրոական բանկի կողմից, ակտիվ գործունեություն են ծավալում վիրտուալ տիրույթում։ Որպես կանոն, նման բրոքերները ներկայանում են հաճախորդներին որպես եվրոպական հեղինակավոր ընկերություններում գրանցված իրավաբանական անձինք, որոնց գործունեությունը կարգավորվում է եվրոպական կամ ավստրալիական կարգավորող մարմինների կողմից։ Սակայն արդյունքում մեր համաքաղաքացիներին ծառայությունները մատուցում են որևէ օֆշորային երկրում գրանցված ընկերության միջոցով, որն էլ, բնականաբար, դուրս է կարգավորման դաշտից։

Ֆինանսական միջոցների անհուսալի պահպանումը, ակտիվների ցածր իրացվելիությունն ու բաց դիրքերի նկատմամբ զեղծարարությունը այն հիմնական ռիսկերն են, որոնց հետ հաճախ առերեսվում են մեր քաղաքացիները։

Հիմնվելով  զարգացած ֆինանսական համակարգ ունեցող երկրների փորձի վրա՝ կարելի է փաստել, որ հանրության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը ֆինանսական խարդախության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։   Հատկանշական է, որ ներդրումային ծառայություններ մատուցելուց զատ, մեր Բանկը պարտավորություն է ստանձնել բարձրացնել նաև հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակը։  

Այսօր արդեն մի շարք միջազգային խոշոր ընկերություններ ծառայությունները մատուցում են CFD պայմանագրերով, որոնք  հաճախորդին հնարավորություն են տալիս ցածր միջնորդավճարների պայմաններում բարձրացնել ներդրումների իրացվելիությունը։ «ARARATBANK TRADING PLATFORM» առևտրային հարթակում գործարքները ևս կնքվում են СFD պայմանագրերի հիման վրա, ինչը վերջապես հնարավորություն կընձեռնի մեր համաքաղաքացիներին գործարքներ կատարել՝ ունենալով ապահովածության բարձիք։  

Կարևոր եմ համարում նշել, որ մեր համաքաղաքացիները պետք է վստահեն բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական շուկայի մասնակիցներին։ Այնուամենայնիվ, եթե նրանք նախընտրում են  օգտվել արտասահմանյան ընկերությունների ծառայություններից, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել այդ ընկերության ֆինանսական վիճակը, կարգավորման դաշտը և  ստորագրման ենթակա փաստաթղթերը։

 

 

Էջը թարմացվել է` 23.09.2021 | 12:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: