Ամփոփեցինք 2021 թվականի տարեկան արդյունքները
2021թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ամենակարևոր ձեռքբերումներից էին ՓՄՁ և Ագրո վարկերի զգալի աճը ընդհանուր պորտֆելում՝ համապատասխանաբար 37.4%-ով և 54.5%-ով, տարեվերջին 2,5 մլրդ ՀՀ դրամի չափով «NASIRA» վարկային պորտֆելի ձևավորումն ու ավանդային պորտֆելի աճը՝ 46.0%-ով։
Այս մասին ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը՝ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները:
Նրա խոսքով՝ Բանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 7.7%-ով և կազմել 268,065 մլն ՀՀ դրամ, իսկ վերջին տասը տարվա միջին աճի տեմպը կազմել է 11.84%:
Ընդհանուր պարտավորությունները 2020թ․-ի համեմատ աճել են 9.3%-ով և կազմել 230,286 մլն ՀՀ դրամ, իսկ 2011թ․-ից սկսած միջին աճի տեմպը կազմել է 11.82%:
Բանկի կողմից ներգրավված ժամկետային ավանդները աճել են 46.0%-ով և կազմել 71,420 մլն ՀՀ դրամ, իսկ 2011թ․-ից սկսած միջին աճի տեմպը կազմել է 13.4%: Միայն ֆիզիկական անձանց միջոցները մեկ տարում աճել են 41.0%-ով, իսկ իրավաբանական անձանց միջոցները՝ 76.3%-ով։
«Վերջին երկու տարիների ընթացքում իրար հաջորդող ճգնաժամերին և նոր մարտահրավերներին դիմակայումը բավականին սահուն էր՝ շնորհիվ Ճգնաժամի կառավարման և արտակարգ իրավիճակներում բիզնեսի անընդհատության ապահովման քաղաքականության։ Ըստ էության ԱրարատԲանկը շարունակել է գործել ճգնաժամային իրավիճակում՝ այս անգամ ավելի կոփված և ավելի մեծ փորձառությամբ՝ ակտիվորեն շարունակելով համագործակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և կնքելով շուրջ 55,000,000 ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«Ընդհանուր առմամբ, 2021թ. մեզ համար ներուժի պահպանման և գործընկերության ամրապնդման, թվային տեխնոլոգիաների ներդրման տարի էր: Բանկը հանձն է առել իր կորպորատիվ մշակույթի բարելավումը` կառավարման մեխանիզմների արդիականացման և կառուցվածքային բարեփոխումների միջոցով:
Անցած տարի մենք վերահաստատեցինք և ամրապնդեցինք Հայաստանի ամենաեվրոպական բանկերից մեկի համբավը` էլ ավեի սերտ գործակցելով մեր հին ու նոր միջազգային ֆինանսական հաստատությունների և մեր թղթակցային բանկերի հետ: Միևնույն ժամանակ մենք շարունակեցինք կառուցել և ամրապնդել Եվրասիական տարածաշրջանի բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ մեր բազմամյա գործընկերությունը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։
Էջը թարմացվել է` 21.06.2022 | 14:54
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: