ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի գլխավոր հովանավոր
Սույն թվականի հունիսի 23-ին ԱՏՁՄ գրասենյակում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև՝ երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության վերաբերյալ։ Ըստ հուշագրի՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ստանձնում է մրցույթի գլխավոր հովանավորի դերը։
Հուշագիրը ստորագրվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի կողմից։
«Ուրախ ենք, որ մաս ենք կազմում այս անչափ կարևոր նախաձեռնության և հանձն ենք առել անօդաչու թռչող սարքերի մրցույթի գլխավոր հովանավորի դերը։ Այս առումով կրթական տարր պարունակող բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային մտավոր ներուժը համախմբելուն, նոր գիտական ուժ ձևավորելուն և նոր բարձունքներ նվաճելուն, տեղավորվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բովանդակության մեջ», - ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Այս տարի մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 11-ը Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում։ Հիշեցնենք, որ օդանավակայանը կառուցվել է նախորդ տարի ծավալված դրամահավաքի արդյունքում։ Օդանավակայանի 80 մետրանոց թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով՝ ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ։
«Շնորհակալ ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին՝ հիմնադրամի նախաձեռնությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու մտադրության համար։ Այս տարի մրցույթն առավել մեծ ընդգրկում է ունենալու, ուստի բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշում է Կարեն Վարդանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։
Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։
«Ազգային նշանակության նախագծերի դեպքում կարևորագույն բաղադրիչը համագործակցությունն է և համազգային մասնակցության ապահովումը, ուստի հաջող ընթացք ենք մաղթում այսօրվա հուշագրով արձանագրվող համագործակցությանը», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։
Էջը թարմացվել է` 01.07.2022 | 14:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: