Միացել ենք ՄԱԿ-ի «Գլոբըլ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը
Միավորված ազգերի կազմակերպության «Գլոբալ պայմանագրի» (UN Global Compact) տասը սկզբունքները բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրից, Շրջակա միջավայրի և զարգացման մասին Ռիոյի հռչակագրից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից:
2022թ․-ին միանալով ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պատրաստակամություն է հայտնել ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման սկզբունքները իր գործունեության մեջ և գործել այդ սկզբունքների համաձայն։
«Մենք հանձնառու ենք ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիրը» և դրա սկզբունքները դարձնել մեր ընկերության ռազմավարության, մշակույթի և առօրյա գործունեության մաս և ներգրավվել համագործակցային նախագծերում, որոնք առաջ են մղում ՄԱԿ-ի զարգացման ավելի լայն նպատակներ, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակները»,- նշված է ՄԱԿ-ի Global Compact-ի պաշտոնական կայքէջում հրապարակված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Հանձնառության նամակում։
Նախաձեռնության մասնակից են նաև աշխարհի մի շարք առաջատար բանկեր՝ Raiffeisen Bank International AG, Bank of America, British Business Bank, National Bank of Greece S.A., TBC Bank, Korea Development Bank, China Development Bank, Deutsche Bank AG։
Տեղեկատվություն
Մարդու իրավունքների, աշխատանքային հարաբերությունների, շրջակա միջավայրի և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 10 սկզբունքներն են՝ հարգել և աջակցել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպանությանը, ճանաչել կոլեկտիվ բանակցություների իրավունքը, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին մասնակցելուց, աջակցել հարկադիր և ստիպողական աշխատանքի բոլոր ձևերի վերացմանը, սատարել մանկական աշխատուժի արդյունավետ վերացմանը, աջակցել զբաղվածության ու մասնագիտական խտրականության վերացմանը, հանդես գալ նախաձեռնություններով՝ ուղղված շրջակա միջավայրի մարտահրավերների հարցում առավել մեծ պատասխանատվության խթանմանը, խրախուսել շրջակա միջավայրի համար անվնաս տեխնոլոգիաների մշակումը և տարածումը, պայքարել կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ՝ ներառյալ շորթումը և կաշառակերությունը։ Ավելին կարող եք իմանալ այստեղ ։
Էջը թարմացվել է` 07.03.2023 | 15:53
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: