«Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթ
«ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի ապրիլի 29-ին, ժամը՝ 11։00-17։00-ն Ամերիկյան համալսարանում։ «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին կմասնակցի 20-ից ավելի թիմ։ Թիմերը ներկայացնելու են ֆիզմաթ մոդելավորման ծրագրերից մինչև սմարթ օրորոցի, խելացի տան անվտանգության համակարգերի ծրագրեր։
Ի դեպ, մրցույթն արդեն 8-րդ անգամ է անցկացվում՝ սկսած 2015թ․-ից։ Այս տարիներին մրցույթին մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ։ Մրցույթի մարզային և հանրապետական փուլերի գլխավոր հովանավորն է ԱրարատԲանկը:
Հանրապետական մրցույթին զուգահեռ Ամերիկյան համալսարանում տեղի կունենա ալգորիթմական լուծումների Կրիայ և Փայթըն ծրագրերի օլիմպիադան։ Կմասնակցի մարզային փուլը հաղթահարած 30-ից ավելի պատանի։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ աշխատելու փորձն ու հերթական համագործակցությունը ցույց են տալիս, որ միավորելով ուժերն ու ռեսուրսները, ակամայից լավ փոփոխության մասնակից ենք դառնում՝ ինժեներական մտածողություն և վերլուծական միտք ունեցող երեխաներին հնարավորություն տալով զարգանալ և կատարելագործվել ծրագարվորման ուղղությամբ։ Շնորհակալություն միությանը այս կարևոր նախաձեռնության շուրջ Հայաստանի ապագայի զարգացման կոդը ստեղծող երեխաներին համախմբելու համար», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«Դիջիկոդի ընդգրկուն մասշտաբն ամեն տարի ապացուցում է, որ Հայաստանի զարգացման կոդը ստեղծելու հետաքրքրությունը մեր պատանիների մոտ մեծանում է։ Այս տարվա մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 5 տարածաշրջանում։ 1000-ից ավելի հայտերից ընտրվեց և մրցեց 400 պատանի։ Մենք կրկին համոզվում ենք, որ մրցույթները ևս մեկ հավելյալ ոգևորող առիթ են պատանիների համար, որ ձգտեն ստեղծել ավելին ու հասնել ավելիին։ Ծնողները ևս տեսնում են, թե ինչ արդյունքներ են գրանցում պատանիները՝ դեռ դպրոցից։ Եվ անհրաժեշտ է, որ համայնքներն իրենք համախմբվեն և մասնակցեն Արմաթի տարածմանը, նոր լաբորատորիաներ ներդնելուն»,-նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Էջը թարմացվել է` 02.05.2023 | 09:59
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: