ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ «SIA մրցանակաբաշխության» գլխավոր գործընկեր
Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ԱրարատԲանկը միացել է «SIA մրցանակաբաշխությանը»՝ տրամադրել 6000 եվրո։ Գումարը բաշխվել է չորս թիմի միջև՝ յուրաքանչյուրին 1500 եվրո։
Ինկուբացիոն փուլ անցած 10 լավագույն սթարթափ թիմերը ներկայացրեցին սոցիալական բաղադրիչ պարունակող իրենց բիզնես գաղափարները՝ պլաստիկի վերամշակումից մինչև ելակի արտադրություն, ճամփորդական հավելվածներից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց համար հագուստի արտադրություն։
Հաղթող չորս թիմերից երեքին ընտրել է ժյուրին, չորրորդը՝ Refill-ը ընտրվել է համայնքային քվեարկությամբ՝
- Adapteon՝ նախաձեռնության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար արտադրել հարմարավետ և միաժամանակ ոճային հագուստ։
- Contests Lab՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական զվարճալի խաղեր և բովանդակություն՝ նախատեսված երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ծնողների և մանկավարժների համար:
- Gyugh.org՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել գյուղատնտեսական տեղեկատվական և կրթական հարթակ ՓՄՁ-ների համար։
- Refill՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել հավելված, որը կօգնի օգտատերերին գտնել իրենց ջրի շշերը անվճար լիցքավորելու ամենամոտ վայրը՝ օգտատերերին մատուցելով արժեքավոր ծառայություն՝ միաժամանակ խթանելով կայունությունը և նվազեցնելով պլաստիկ թափոնները:
Հաղթող ճանաչված թիմերը ստացել են բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում անցկացվող «Social Impact Award»-ի ամենամյա միջազգային գագաթնաժողովին:
«SIA մրցանակաբաշխությանը միշտ միացել են տարբեր միջազգային դոնոր կազմակերպություններ, սակայն տեղական և կոմերցիոն կառույցների հետ աշխատելու մեր ցանկությունը մեծ էր և շատ ուրախ ենք, որ ԱրարատԲանկը առաջինն էր, որ միացավ մեզ որպես կոմերցիոն կառույց, կազմակերպություն և վստահ ենք, որ սա շատ հետաքրքիր փորձ կլինի նաև մյուսների համար», -նշել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
«Ցանկացած ծրագիր, որն իրականացվում է ԱրարատԲանկի կողմից միտված է լուծելու որևէ սոցիալական խնդիր և Social Impact Award նախաձեռնությունը հավաքական բարեկեցության մասին է խոսում, երբ «ես»-ը դառնում է «մենք», երբ բիզնեսը ծառայում է ոչ միայն հօգուտ իր շահի, այլ նաև հասցեագրում և լուծում է որևէ սոցիալական խնդիր», - նշել է ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
«Մենք արտադրում ենք այնպիսի հագուստ, որը կլինի միաժամանակ նորաձև և հարմարեցված, այսինքն հարմարվող հաշմանդամություն ունեցող անձանց կառուցվածքին, մարմնային յուրահատկություններին։ Այս դեպքում մեզ համար առաջնային է հենց սոցիալական խնդիրը լուծելը և հետո միայն բիզնես անելը, որովհետև մեր թիմի չորս մասնակիցները հետաքրքրված են ձեռնարկատիրությամբ և բիզնես գաղափարներով», -նշել է Adapteon թիմի ներկայացուցիչ Էլեն Ոսկանյանը։
Էջը թարմացվել է` 28.11.2023 | 15:46
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: