header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և «4090 Բարեգործական» հիմնադրամի համատեղ երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Կիսվել`
01.12.2023

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և «4090 Բարեգործական» հիմնադրամի համատեղ երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության


Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ info@4090foundation.am:

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։ 

Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցնրը հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և  հայկական գինի։ Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։ 

Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:

«Մենք և Մունք»-ը ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։  

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 եւ 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունում սովորող 97 ուսանող-շահառու։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի եւ մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։

Էջը թարմացվել է` 01.12.2023 | 16:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: