header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը
Կիսվել`
26.02.2025

ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը


2024 թվականին ԱրարատԲանկի աջակցությունն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին նպաստել է հիմնադրամի առաքելության իրականացմանը՝ երիտասարդների համար ստեղծելով կրթական նոր հնարավորություններ:

«ԱրարատԲանկի համագործակցությունը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր մասն է: Մենք հավատում ենք, որ կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ ազդեցություն են ունենում ոչ միայն անհատների, այլև ամբողջ հասարակության վրա», - ընդգծել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Տեսնել Հայաստանի ապագան՝ տիեզերական ապագան․․․ սա թերևս այսօրվա տագնապալից առօրեականության մեջ ամենադժվար խնդիրներից մեկն է։ Ապագան կանգնած է գիտելիքահեն սերունդ ունենալու և կրթելու բարդ խնդրի առջև։ Կրել սերունդների առջև պատասխանատվությունը միայնակ հնարավոր չէ։ ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը՝ իրականացնելով այս կրթական ծրագրերը, թիկունք են կանգնում մեր երիտասարդներին՝ իրականացնելու իրենց մասնագիտական երազանքները տիեզերական գիտաինժեներական ոլորտում», - ընդգծել է «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։

«Երիտասարդների կրթության և մասնագիտական աճի խթանումն առաջնահերթ է Բանկի համար: «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը թույլ է տալիս նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և երիտասարդների համար ստեղծել իրական հնարավորություններ», - նշել է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը:

Հիմնադրամը մշակել է յուրահատուկ կրթական համակարգ, որն առաջարկում է անվճար, կարճաժամկետ տեխնիկական դասընթացներ՝ աերոտիեզերական և ՏՏ ոլորտների համար մասնագետներ պատրաստելու նպատակով: 2024 թվականի ծրագրերի ցանկն ընդգրկում էր նաև 3D մոդելավորումն (SolidWorks) ու վեբ ծրագրավորումը։ Ծրագրերին մասնակցել է ավելի քան 350 ուսանող։

Դասընթացները հատկապես հասանելի են մարզաբնակ երիտասարդների և Արցախից տեղահանված հայրենակիցների համար: Հիմնադրամն ունի ժամանակակից ուսումնական հարմարություններ, ներառյալ համակարգչային և աերոտիեզերական ինժեներության լաբորատորիաներ:

Այս համագործակցությունը վկայում է ԱրարատԲանկի՝ կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ունեցած հետևողական ներդրման մասին:

Էջը թարմացվել է` 26.02.2025 | 14:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: